3 չստորագրված օրենք՝ 1 շաբաթում․ 2-ը նախագահն ուղարկել է ՍԴ

ապրիլի 20, 2021

Ապրիլի 12-ին, 15-ին և 17-ին, մեկ շաբաթում 3 անգամ, ՀՀ նախագահի աշխատակազմը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Նախագահը չի ստորագրի Ազգային ժողովի ընդունած 3 տարբեր օրենքներ։ Դրանցից մեկով փոփոխություններ էին կատարվել Դատական օրենսգրքում, երկրորդով՝ Քաղաքացիական օրենսգրքում, երրորդով՝ Ընտրական օրենսգրքում։ Այս օրենքներից (օրենսգրքերից) 2-ը՝ Դատական և Ընտրական, սահմանադրական օրենքներ են։ Երեք նախագծերն էլ ընդունվել են միայն խորհրդարանական մեծամասնության կողմ քվեարկությամբ։

Նախագահը նախագծերի շուրջ հանդիպումներ է ունեցել համապատասխան ոլորտների մասնագետների հետ և արձանագրել, որ դրանցից երկուսը, որոնցով փոփոխություններ են կատարվել Դատական և Քաղաքացիական օրենսգրքերում, առերևույթ հակասում են Սահմանադրությանը։ Դրանց սահմանադրականությունը Նախագահը որոշել է վիճարկել Սահմանադրական դատարանում, երրորդի՝ Ընտրական օրենսգրքի դեպքում Նախագահը ՍԴ չի դիմի, քանի որ սահմանադրականության տեսանկյունից օրենքն առերևույթ խնդրահարույց չէ։

Դատական օրենսգրքի փոփոխությունները՝ ՍԴ-ում

Խորհրդարանի իշխող խմբակցության անդամները տարակուսած են՝ ինչո՞ւ է Նախագահը դիմել ՍԴ, չէ՞ որ այդ քայլով «տորպեդահարում է դատաիրավական բարեփոխումների մեծածավալ գործընթացը»:

Հայաստանի նախագահը, հիշեցնենք, դիմելով Սահմանադրական դատարան՝ վիճարկում էր Ազգային ժողովի՝ «ափալ-թափալ» ընդունած Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի սահմանադրականության հարցը:

Այս և ևս մի շարք օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթով կառավարությունն առաջարկում էր ընդլայնել Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները: Օրենսդրական փաթեթի քննարկումների ժամանակ իմքայլական պատգամավորները հայտարարում էին, որ նախագծի նպատակն է ապահովել դատական գործընթացների խելամիտ քննությունը, դատավորների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհրդին օժտել լրացուցիչ լիազորություններով, որով այդ մարմինը իրավունք կունենա, օրինակ, դատավորից գործը վերցնել և փոխանցել մեկ այլ դատավորի, քննել ձգձգվող դատական նիստերի պատճառները։ Բացի այդ, առաջարկվող փոփոխություններով, քաղաքացին կարող է դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ բողոքելով իր գործը քննող դատավորից։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դեմ էր նախագծին և մարտի 22-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ «եթե այս օրենքը առանց կանոնակարգումների, առանց ֆիլտրերի ընդունվի, ապա կդառնա դատական իշխանության անկախությանը հարվածող ամենալուրջ գործիքը»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, որը նաև օրենքի հեղինակն է և հանդիպել էր ՀՀ նախագահին, Parliamentmonitoring.am-ին ասում է՝ գուցե համոզիչ չեն եղել իրենց փաստարկները, որոնց արդյունքում Արմեն Սարգսյանը նման որոշում է կայացրել:

«Ես ներկայացրել եմ հանրապետության Նախագահին իրական վիճակը դատական իշխանության ոլորտում, խնդիրները, անհստակությունները, կարգավորման և նոր կարգավորումների անհրաժեշտությունը և այլն», -ասում է նա:

Այդուհանդերձ, իշխանական պատգամավորների կարծիքով, Նախագահի կողմից օրենքը ժամանակին չստորագրելը և դրա ընդունումը որոշ ժամանակով առկախելը դատաիրավական բարեփոխումների գործընթացի վրա չի ազդի: Ասում են՝ ժամանակացույցը մի փոքր հետ կընկնի, բայց, միևնույն է, դատաիրավական բարեփոխումների 2019-23թթ ծրագրով նախանշված գործողությունների վրա էականորեն չի ազդի։

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը չի կիսում իշխանական պատգամավորների լավատեսությունը և ողջունում է ՀՀ նախագահի քայլը:

«Սահմանադրության հետ ուղղակիորեն հակասություններ տեսնում եմ, որովհետև դատավորներին երաշխավորված անկախության դեմ է փոխված: Ու բացի այդ, հստակ չէ, թե որ դեպքում ինչ գործիք կարող է օգտագործել թե՛ Բարձրագույն դատական խորհուրդը, թե՛ ընդհանրապես դատավորների անկախության նկատմամբ ինչ լծակներ կարելի է օգտագործել այս պարագայում: Այս ամենը իրավական անորոշություն է առաջացնում», -Parliamentmonitoring.am-ին ասել է Սիմոնյանը:

Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունները՝ ՍԴ-ում

Դատականի Մինչ ընդդիմությունը ողջունում է Նախագահի՝ ՍԴ դիմելու որշումը, իսկ իմքայլականները հույս են հայտնում, որ ՍԴ-ն պատվով կանցնի այս փորձությունը, Արմեն Սարգսյանը, ընդամենը 3 օր տարբերությամբ, որոշում է չստորագրել և ՍԴ ուղարկել ևս մեկ օրենքի նախագիծ՝ այս անգամ՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակությամբ։

Նախագծով փոփոխություններ են կատարվում Քաղաքացիական օրենսգրքում։ Մասնավորապես, ավելացվում են վիրավորանքի և զրպարտւթյան համար սահմանվող փոխհատուցման գումարները․ վիրավորանքի համար մեկ միլիոնի փոխարեն սահմանվում է մինչև 3, զրպարտության համար՝ 2 միլիոնի փոխարեն մինչև 6 միլիոն դրամ։  

Այս նախագծի առիթով էլ Նախագահը հանդիպել էր ԶԼՄ ոլորտի խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և քննարկումներից հետո արձանագրել, որ գումարային խստացումները կարող են դառնալ ազատ խոսքի սահմանափակման պատճառ, և քանի որ փոփոխությունները վերաբերելու են նաև լրատվամիջոցներին, կարող են ազդել խոսքի ազատության, լրագրողի և լրատվամիջոցների գործունեության վրա։

Քննադատոթյունը Ալեն Սիմոնյանն անհիմն էր համարել՝ զարմանալով, թե ինչու է նախագահը այդ փոփոխությունները քննարկելու համար հանդիպել լրագրողական կազմակերպությունների հետ, բայց հարկ չի համարել լսել իրեն։ Նա վստահեցրել էր, որ փոխհատուցման շեմի բարձրացումը չի սահմանափակի խոսքի ազատությունը և չի անդրադառնա բարեխիղճ լրատվամիջոցների աշխատանքի վրա։

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները՝ Նախագահի սեղանին

Երրրոդ օրենքը, որը չստորագրելու մասին Նախագահի գրասենյակը տեղեկացրեց ապրիլի 17-ին, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն էր։ Այս նախագծի առիթով էլ, իրավաբանների հետ հանդիպումից հետո, Նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ փոփոխությունները Սահմանադրության տեսանկյունից առերևույթ խնդրահարույց չեն, ուստի, Նախագահը Սահմանադրական դատարան չի դիմի, բայց նա ունի որոշ սկզբունքային դիտարկումներ։

Դրանցից առաջինը քաղաքական էր՝ փոփոխությունների նախագիծն ընդունվել էր միայն խորհրդարանական մեծամասնության կողմ քվեակությամբ։ Մյուսը վերաբերում էր Վենետիկի հանձնաժողովի մոտեցմանը, ըստ որի ընտրական օրենսդրության փոփոխությունները պետք է տեղի ունենան առնվազն ընտրություններից մեկ տարի առաջ, կարևոր է նաև ունենալ բավարար ժամանակ՝ օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ բոլոր շահագրգիռ անձանց մասնակցությամբ հանրային քննարկումներ իրականացնելու համար:  

Մյուս դիտարկումը վերաբերում էր տարածքային ընտրական ցուցակներով ընտրություններին մասնակցելու հնարավորությունը բացառելուն։ Ըստ Նախագահի՝ առանց տարածքային ցուցակների՝ համամասնական ընտրակարգը կարող է արդյունավետ լինել խորհրդարանական կայացած քաղաքական մշակույթ ունեցող պետություններում։

Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը Ազգային ժողովն ընդունել է ապրիլի 2-ին։ Դրանից հետո 21-օրյա ժամկետում Հանրապետության նախագահը կամ պետք է ստորագրի այն, կամ, եթե կա սահմանադրականության խնդիր, ուղարկի Սահմանադրական դատարան։

Օրենքը ՍԴ չուղարկելու, ինչպես նա չստորագրելու դեպքում, այն 5-օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը։

Ըստ այդմ՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը ԱԺ նախագահի ստորագրությամբ պետք է հրապարակվի մինչև ապրիլի 28-ը։