Քոչարյանի՝ խորհրդարանում լինելուց բան չի փոխվի

հունիսի 25, 2021

Հարցազրույց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու Վիգեն Խաչատրյանի հետ:

-Հունիսի 20-ի ընտրություններում բազմաթիվ խախտումներ են արձանագրվել, որոնց մի մասը վերագրվում է իշխանություններին: Ձեզ մեղադրում են հատկապես վարչական լծակներն օօգտագործելու մեջ: Ինչո՞ւ հավատարիմ չմնացիք ընտրախախտումներ չանելու ձեր խոստմանը:

-Մինչև 2018թ. ընտրախախտումների մասին բողոքներն իշխանություններին էին վերաբերում. լցոնումներ, ընտրակաշառք, թաղային հեղինակություններ։ Հիմա նման մեղադրանքներ չկան։ Իշխանությունը չի գործադրել ընտրությունները փչացնելու կոպիտ մեթոդները։ Հակառակը՝ պայքարում էր և կանխում էր ընդդիմության կողմից ընտրակաշառքի համատարած բաժանումը։ Իշխանությունը համայնքապետերին կոչ էր անում չեզոքություն պահպանել և որևէ պարտադրանք կամ թելադրանք թույլ չտալ, կոչ էր անում քվեարկել և երաշխավորում էր, որ բոլորի ձայները կպահպանվեն։

Իսկ ի՞նչ էր անում «Հայաստան» դաշինքը։ Գորիսի, Ղափանի, Քաջարանի, Մեղրիի համայնքապետերի, Սյունիքի նախկին մարզպետի մասնացությամբ ստեղծեցին «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը: Բա վարչական ռեսուրսի չարաշահումը պոզով պոչո՞վ է լինում։ Էլ չասեմ, որ այդ մարդիկ ՀՀԿ-ական էին: Եվ այդ պաշտոնյաները ոչ միայն չբացատրեցին, թե ինչու դուրս եկան ՀՀԿ-ից, նաև չհրաժարվեցին պաշտոններից։ Հիմա նրա՞նք են խոսում վարչական ռեսուրսի չարաշահումից։

Ինչ վերաբերում է մեզ, պաշտոնյան կարող է ունենալ քաղաքական կողմնորոշում, բայց չպետք է իր պաշտոնական դիրքերից հանդես գա։ Իշխանության անմիջական հսկողությամբ բացառվել է որևէ պարտադրանք։ Բայց մենք տեսնում էինք, որ «Գազպրոմ-Արմենիա» կամ այլ հիմնարկներից կոլետիվներով էին գալիս «Հայաստան»-ի հանրահավաքներին։ Մյուս կողմից` եթե այսօր իշխանությանը ներկայացվող մեղադրանքը միայն վարչական ռեսուրսի չարաշահումն է, ուրեմն, տեսեք, թե ինչքան բան է փոխվել։

- Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերին համերաշխություն ձեռք է մեկնում, արդեն հանդիպել է մեկ տասնյակից ավելի կուսակցությունների հետ։ Այդ առաջարկությունը ուղղված չէ՞ր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին, որոնց հետ փոխադարձ անհանդուրժող վերաբերմունք ունեն, և քարոզարշավի ժամանակ էլ վիրավորում էին միմյանց։

- Նիկոլ Փաշինյանն իր առաջարկությամբ մի քանի շեշտադրումներ արեց, որոնք պետք է դիտարկել մի քանի հարթության մեջ։ Առաջինը, որ պետք է ազգային համաձայնության մթնոլորտ ստեղծել, երկրորդը՝ որ իշխանությունը կհենվի հասարակության բոլոր կարող ուժերի վրա և սերտորեն կհամագործակցի նրանց հետ: Նա նաև որոշակի ակնարկ արեց հոգևոր աշխարհին։ Ցանկացած ուժ, որը քաղաքական է, անպայման կսեղմի այդ պարզած ձեռքը։ Քաղաքական ուժը չի կարող խուսափել երկխոսությունից, լարված մթնոլորտը թուլացնելուց, բայց եթե ուժը քաղաքական չէ, նրանք չեն սեղմի այդ ձեռքը։ Եթե նրանք ռևանշիստներ են, նրանց լարվածություն, փողոցային պայքար, առճակատում են ուզում։ Բայց քանի որ ընտրություններին հասարակությունը համախմբված դիրքորոշում է արտահայտել, ստիպված իրենց զուսպ են պահում։ Ինչ վերաբերում է իշխանություններին, այո, նրանք պետք է լինեն խոշորացույցի տակ, կտեսնեք, որ այդպես է լինելու: Հակառակ պարագայում ցանկացած իշխանավոր պատասխանատվության կկանչվի։

- Հնարավո՞ր է արտախորհրդարանական ուժերի հետ ազգային համաձայնության կառավարություն ձևավորեք:

- Ես նման տեղեկություն չունեմ, բայց չեմ գտնում, որ ազգային համաձայնության կառավարության ձևավորումը ճիշտ լուծում է։ Այն ուժը, որը հաղթել է ընտրություններում, պետք է պատասխանատվությունն իր վրա վերցնի, բայց դա չի նշանակում, որ պիտի սահմանափակվի իր ներուժով, չհամագործակցի հասարակական լայն շերտերի ու կառույցների հետ։ Ազգային համաձայնության կառավարությունը հնարածին բան է, դա կարող է լինել ամենաթույլ կառավարությունը։

- Կարծիք կա, որ նոր Ազգային ժողովը շատ բևեռացված է, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների հետ ձեր աշխատանքը շատ բարդ է լինելու։

- Ոչինչ, եթե քաղաքական պայքար է։ Եթե ամեն ինչ օրենքի շրջանակում լինի, նորմալ է։ Եվ դա չի նշանակում, որ ԱԺ չանցած ուժերի հետ իշխանությունը չի աշխատի, շատ սերտորեն կաշխատի։ Մենք այդպես ենք պատկերացնում ազգային համաձայնության մթնոլորտի ստեղծումը, ճիշտ չէ միայն խորհրդարանով սահմանափակվելը։ Եվ գտնում եմ, որ լինելու է լայն համագործակցություն բոլոր կարող ուժերի հետ։

- Ասում եք՝ իշխանավորը պետք է զուսպ լինի, խոշորացույցի տակ լինի, բայց Օձունի գյուղապետը հայտարարել է, որ «Հայաստան» դաշինքին սատարելու համար իրեն կանչել են Լոռու մարզպետարան և ստիպել են հրաժարական տալ: Իսկ երբ հրաժարվել է, մարզպետի հետ միասն իրեն ծեծի են ենթարկել:

- Ես տեղյակ չեմ այդ մասին, չգիտեմ, թե դա որքանով է իրականությանը համապատասխանում:

- Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով համերաշխության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կոչին` ասաց, որ իշխանությունների քայլերը հակասում են արված հայտարարություններին: Նա հիշեցրեց «Իզմիրլյան բժշկական կենտրոն» ղեկավար Արմեն Չարչյանին կալանավորելու օրինակը:

- Եթե Ռոբերտ Քոչարյանն ասեր, որ Արմեն Չարչյանը ժողով չի արել, մարդկանց չի ահաբեկել ու չի բռնացել նրանց ընտրական իրավունքի վրա, կարելի էր հասկանալ: Բայց եթե ողջ հասարակությունը, այդ թվում նաև քննիչները համոզվել են, որ դա եղել է, և օրենքը ենթադրում է քրեական պատասխանատվություն, Ռոբերտ Քոչարյանն ինչի՞ վրա է զարմանում: Թե՞ իրեն թվում է, որ եթե իրեն են պաշտպանում, կարող են մարդկանց ահաբեկել։

- Որոշ տեղամասերում ընտրությունների արդյունքների վերահաշվարկ է կատարվում, խախտումներ են հայտնաբերվում: «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ կարող է դիմել Սահմանադրական դատարան: Հնարավոր համարո՞ւմ եք, որ ՍԴ-ն չեղյալ համարի ընտրությունների արդյունքները։

- Դա իրենց իրավունքն է, բայց ՍԴ-ն վճիռները պիտի կայացնի՝ ելնելով ոչ թե Քոչարյանի ցանկությունից կամ ենթադրությունից, այլև փաստերից։ Ես, որքան գիտեմ, այսօրվա դրությամբ ընտրությունները կասկածի տակ դնող որևէ լուրջ փաստ գոյություն չունի։

- Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ իշխանություններին օրակարգ են թելադրում և շարունակելու են թելադրել։ Դուք արդեն տեղի՞ եք տվել նրանց թելադրանքին:

- Իրենք թելադրելու իրավունքից վաղուց զրկվել են, ընդամենը կարող են առաջարկել։

- Այս ընտրություններից հետո իշխանությունը կկատարի՞ նախկին հանցագործներին պատասխանատվության ենթարկելու երեք տարի առաջ տված խոստումը:

- Արդարադատությունը պիտի վերականգնվի, և հանցավորները պիտի պատասխան տան։ Դա ազգային համաձայնության մթնոլորտի ձևավորման առաջին նախապայմանն է։ Եթե նորից արտոնյալներ, օրենքից դուրս մարդիկ լինեն, չի կարող համաձայնության մթնոլորտ առաջանալ։ Պիտի տարբերենք հանցավոր աշխարհը հասարակությունից։ Հանցավոր մարդկանց տեղը համապատասխան վայրում է, և նրանք չպետք է խանգարեն հասարակությանը։

- Հասարակության որոշ խավեր իշխանությանը մեղադրում են, որ չկարողացավ պատասխանատվության ենթարկել Ռոբերտ Քոչարյանին: Նա ինքն է ձեզ հեգնում, որ անգամ իրեն չկարողացաք դատել։

- ՍԴ-ն որոշել է, որ հոդվածը, որով նրան մեղադրում էին, հակասում է Սահմանադրությանը, բայց դա դեռ չի նշանակում, որ հանցագործություն չի եղել։ Երևի թե այլ հոդվածով կլինի։

- Իսկ խորհրդարանում Քոչարյանի ներկայությունը ձեզ համար ճնշող չի՞ լինի, եթե նա որոշի վերցնել մանդատը և պատգամավոր աշխատել:

- Նրա ներկայությունն ու բացակայությունը հավասար է: Քոչարյանը խորհրդարանում լինի, թե չլինի, դրանից բան չի փոխվի: