7-րդի վերջին նիստը՝ 8-րդի սկզբից առաջ

հուլիսի 2, 2021

7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 30-ին հրավիրվել էր արտահերթ նստաշրջան։ Մեծամասնությունը ներկայացնող որոշ պատգամավորների և ԲՀԿ ու ԼՀԿ խմբակցությունների համար այս նստաշրջանը արձակվող գումարման ընթացքում հավաքվելու վերջին առիթն էր«Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» հաջորդ՝ 8-րդ գումարման խորհրդարանում ներկայացված չեն լինի։ Թերևս դա էր պատճառը, որ այդ խմբակցություններից հատուկենտ մարդիկ կային վերջին նիստին, իսկ ընդհանուր առմամբ խորհրդարանում ճամպրուկային տրամադրություն էր․հեռացողները աշխատասենյակներն էին դատարկում։

Սա խորհրդարանի պատմության մեջ առաջին անգամն էր, որ նոր խորհրդարանի ձևավորման նպատակով անցկացված ընտրություններից հետո հին խորհրդարանը նիստեր է հրավիրում, օրենքներ ընդունում։ Աննախադեպ էր նաև այդ նիստերը հրավիրելու նպատակը՝ կիսատ չթողնել, ամբողջությամբ ընդունել միայն առաջին ընթերցում անցած նախագծերը․ արտահերթի օրակարգում կառավարության ու հիմնականում իմքայլական պատգամավորների անավարտ նախաձեռնություններն էին։

Ի՞նչ օրենքներն ընդունվեցին վերջին արտահերթով

Արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությունը պայմանավորված է 16 օրենսդրական նախաձեռնությունների ընդունման անհրաժեշտությամբ, դրանց հրատապությամբ, ինչպես նաև 2020 թվականի պետական բյուջեի կատարողականի հաստատման անհրաժեշտությամբ», -արտահերթ նստաշրջան գումարելու պատճառը ներկայացրեց «Իմ քայլ»-ից Գևորգ Պապոյանը։

Մասնավորապես, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվեցին կառավարության ներկայացրած «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում, ԿԲ-ի մասին օրենքում փոփոխությունների ու լրացումների նախագիծը, ինչպես նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը` կից փաթեթով:

Վերջապես ընդունվեց նաև «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը, որը խորհրդարանական ընդդիմության և մեծամասնության համատեղ նախագիծն էր։

Ընդունվեց «Իմ քայլի» պատգամավորների հեղինակած նախագիծը, որով փոփոխություններ են առաջարկվում «Տարածքային կառավարման մասին» օրենքում։ Մասնավորապես, վարչապետի հանձնարարությամբ սահմանվում է մարզպետների ենթակայություն ոլորտը համակարգող փոխվարչապետին, ինչի նպատակը, ըստ իմքայլական Գևորգ Պապոյանի, մարզպետների և նրանց աշխատակազմերի գործունեության արդյունավետության բարձրացումն է։ Սա ենթադրում է հաշվետվողականություն փոխվարաչապետին և ընթացիկ համագործակցություն նրա հետ։

«Լիովին այլ արդարադատություն» ունենալու սպասումով Ազգային ժողովը վերջին արտահերթում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած՝ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը։ Արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ դատական համակարգ են ներդրվում մի շարք սկզբունքային նորարարություններ, որոնք կբարելավեն քրեական արդարադատության որակը։

Մասնավորապես, նախատեսվում են նոր խափանման միջոցներ՝ տնային կալանք և վարչական հսկողություն: Հստակեցվում են խափանման միջոցների կիրառման պայմանները և ընթացակարգերը՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու չհիմնավորված դեպքերը բացառելու համար։ «Ավելի, քան տասը տարվա աշխատանքի արդյունքում քննարկման է ներկայացվել հայրենական քրեական դատավարությունը որակական նոր փուլ տեղափոխելու ունակ օրենսդրական փաթեթ, որը թույլ կտա քրեական դատավարության շրջանակում ապահովել հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանություն, իսկ քրեական արդարադատության ոլորտում կբարձրացնի դատական իշխանության դերն ու հեղինակությունը»,-հայտարարեց փոխնախարարը։

Բյուջեի կատարողականի քննարկումը՝ ընդգծված անտարբերությամբ

2020 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը, որը խորհրդարանականներին ներկայացրել էր կառավարությունը, դատապարտված էր անտարբերության։ Նախորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի կատարողականը գրեթե դատարկ դահլիճում քննարվեց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում, քանի որ պատգամավորները զբաղված էին նախընտրական քարոզարշավով։ Նույնքան անտարբեր էին նաև արտահերթ նստաշրջանում քննարկման ժամանակ, և հիմնական զեկուցող Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին հարցեր չուղղվեցին։

Նա հիշեցրեց, որ 2020-ին պետբյուջեն հաստատվել էր՝ հիմք ընդունելով 2019-ի լավատեսական արձանագրումները, սակայն համավարակը և պատերազմը փոխել են սպասումները տնտեսական զարգացումների հարցում։ 2020-ին վերանայվել է հարկաբյուջետային քաղաքականությունը՝ համապատասխանեցվելով տնտեսական անկման ժամանակահատվածին: Նախանշվել է հակաճգնաժամային միջոցառումների բյուջե՝ մոտ 215 մլրդ դրամի չափով, սակայն ամբողջը չի օգտագործվել: «Հարկ է նկատել, որ մենք, այդուհանդերձ, չենք շեղվել ոլորտային քաղաքականությունների՝ կառավարության ծրագրից բխող տրամաբանությունից»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Անդրադառնալով պետական պարտքին՝ նախարարի պաշտոնակատարը նկատեց, որ այն հատել է կառավարելի միջակայքը

պետական պարտքը կազմել է շուրջ 7 մլրդ 969 մլն դոլար, որի շրջանակում կառավարության պարտքը եղել է 7 մլրդ 509 մլն դոլար:

«Պարտքը իր հավանական մեծությամբ, հարաբերական մեծությամբ հատել է այն շեմը, որը գնահատվում է որպես կառավարելի միջակայք: Այդուհանդերձ մենք շատ չենք խորացրել խնդիրները պարտքի բնագավառում և կարծում ենք, որ առաջիկա 5 տարում մեր տնտեսական ծրագրերը հնարավորություն կտան տնտեսական աճի պոտենցիալը մեծացնել այն չափով, որ մեր պարտքի բեռը նվազի և պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը վերադառնա 60 տոկոսից ցածր միջակայք»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Վերջին անգամ՝ ԵԽԽՎ-ից

Հունիսի 30-ին նախորդող շաբաթվա ընթացքում Ստրասբուրգում անցկացվել էր ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որը վերջինն էր 7-րդ գումարման ԱԺ պատվիրակության համար։ Ինչպես բոլոր նստաշրջաններից հետո, այս անգամ էլ ԵԽԽՎ հայ պատվիրակները մամուլի ասուլիս հրավիրեցին, իսկ նրանից ոմանք ԱԺ նիստերի դահլիճում հանդես եկան հայտարարություններով։

Մասնավորապես, պատվիրակության հիմնական կազմում ԲՀԿ-ի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը ամբիոնից փոխանցեց, թե Ստրասբուրգում հանդիպել է ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովին։ Նա ասել է, թե մինչև Հայաստանը Ադբեջանի հետ խաղաղության պայմանագիր չստորագրի, իրենք ռազմագերիներին հայկական կողմին չեն հանձնի։

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատվիրակությունը աշխատեց աննախադեպ պայմաններում։ Սկզբում դա պայմանավորված էր համավարակով, ինչի պատճառով պատվիրակներն աշխատում էին հեռավար, առանց երկրից դուրս գալու։

Իսկ արդեն պատերազմից հետո ԵԽԽՎ-ում փոխվեց մեր պատվիրակության օրակարգն ու ասելիքը։ Այդ օրակարգի առանցքը դարձան հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի, նրանց վերադարձի ու Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքների հարցերը։